«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնել են նյութական օգնության խնդրանքով զանգեր ստանալու մասին։ Կուսակացության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը տեղեկացրել է, որ զանգերը վերջին օրերին կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների ֆոնին են։
«Մեր թիմակիցներն ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ կասկածելի առաջարկներով»,- հավելել է նա։
Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդպիսի զանգ ստացել է իր մայրը՝ առաքիչ ներկայացած տղամարդուց։ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ վերոնշյալ անձը հայտնել է, թե իր համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որն անձամբ իրեն պետք է փոխանցի։
«Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու և որ հետո ուշ կլինի։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է՝ «մեզ համար դժվար չէ գտնել»»,- պատմել է նա։
Կուսկացության խոսնակը նշել է, որ այսպիսի քայլերով «իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով»։ Կուսակացությունում հայտարարել են, որ իշխանության մոտ «չի՛ ստացվելու» և իրենք «սադրանքներին չեն տրվելու»։
«Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական»,- եզրափակել է խոսնակը։
Կից լուսանկարում Ղահրամանյանը ներկայացրել է օրինակներ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահներն սկսել էին հաղորդում տարածել մարտի 30-ից: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը, այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ մարտի 30-ից սկսած՝ ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։
Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 17 անձ է ձերբակալվել․ ՔԿ





































