ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքներով և դիվանագիտության կոչ է անում, հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունը կարող է անդառնալիորեն դադարել գոյություն ունենալ այսօր երեկոյան՝ հավելելով, որ չի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Ապրիլի 8-ի գիշերը լրանում է Իրանի հետ հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը։ Նա նախազգուշացրել էր, որ համաձայնության բացակայության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է այն հայտարարություններով, որոնք ենթադրում են, որ ամբողջ քաղաքացիական բնակչությունը կամ քաղաքակրթությունները կարող են տառապել քաղաքական և ռազմական որոշումների հետևանքներից։ Ոչ մի ռազմական նպատակ չի արդարացնում հասարակության ենթակառուցվածքների մեծածախ ոչնչացումը կամ քաղաքացիական անձանց միտումնավոր տառապանքներ պատճառելը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։
Նրա խոսնակը նշել է, որ Գուտերեշը համոզված է, որ «հակամարտություններն ավարտվում են, երբ առաջնորդներն ընտրում են երկխոսությունը ոչնչացման փոխարեն»։
«Նա կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- ընդգծել է Դյուժարիկը։





































