Իտալիան չի թույլատրել ամերիկյան կործանիչներին վայրէջք կատարել Սիցիլիայում գտնվող Սիգոնելլա ռազմաբազայում, քանի որ Հռոմը նախապես տեղեկացված չէր այդ մասին, հաղորդում է իտալական Corriere della Sera պարբերականը:
Կայքի փոխանցմամբ՝ խոսքն ամերիկյան կործանիչների մասին է, որոնք մի քանի օր առաջ ուղևորվել էին Մերձավոր Արևելք՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով, և մտադիր էին վայրէջք կատարել Սիգոնելլա ավիաբազայում:
Ըստ հրապարակման՝ կողմերի միջև փոխադարձ խորհրդակցություններ չեն անցկացվել: Իտալիան թռիչքի պլանի մասին տեղեկացվել է, երբ ինքնաթիռներն արդեն օդում էին: Երկրի ՊՆ-ն մերժել է վայրէջքի թույլտվությունը:
Իրանին հարվածելու համար ուղարկվող ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու մասին մարտի 30-ին հայտարարել էր նաև Իսպանիան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այլևս չի օգնի այն երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանն ուղղված միջոցառումներին։






































