Իրավապահ մարմինները ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած քաղաքացու նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կկիրառեն ընտրություններից հետո, գրել է «Հրապարակը»։
Ըստ թերթի՝ Երևանի Շենգավիթ համայնքում մարտի 21-ին «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին, վարչապետին ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն անմիջապես կապվել էր ենթակաների հետ և փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները և փոխանցեն իրեն։
Պարբերականի փոխանցմամբ՝ քաղաքացու դեպքին կվերադառնան եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո։
Թերթն ուշագրավ է համարել նաև այն, որ Փաշինյանին մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ են ուղեկցում, այսինքն՝ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավի համար օգտվում են պետական միջոցներից։
Օրաթերթը մարտի 21-ին գրել էր, որ ՔՊ-ն նախնական որոշում էր կայացրել ներկուսակցական քարոզարշավի շրջանակում Երևանում ավտոբուսով շրջայցեր չիրականացնել, քանի որ մայրաքաղաքում կուսակցության դիրքերը թույլ են։
ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 27-28-ին: Այդ օրերին 1000 պատվիրակի քվեարկությամբ կորոշի 50 թեկնածուների վարկանիշային հերթականությունը, իսկ ապրիլի 4-5-ին կայանալիք համաժողովի ժամանակ կհաստատվի ձևավորված 50-յակի վերջնական ցանկը:






































