ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով արձանագրել է գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա շեշտել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարել թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին։
Փաստաբանը հիշեցրել է, որ որոշումը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման:
Փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում։ Խուզարկությունը կապված էր 2015-2025 թվականների որոշ գործարքների ուսումնասիրության հետ, և վարույթը չորս ամսվա վաղեմություն ուներ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման հատկանիշներով:






































