Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա մանրամասնել է, որ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։
Գերատեսչությունից նշել են, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու անձ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։
ՀՀ ԱԳՆ-ից հավելել են, որ դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 7 օր։





































