ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 1988 թվականի Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։
Նախարարությունը X-ում նշել է, որ այս օրերին հիշատակվում են Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված ջարդերի ժամանակ զոհված հարյուրավոր հայերը։ Նախարարության տվյալներով՝ մոտ կես միլիոն մարդ ստիպված էր լքել իրենց տները։
«Հիշողությունը միայն անցյալի մասին մտորումներ չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով և հետևողականորեն աշխատելու հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաղորդագրություն է տարածել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Ջարդերն սկսվել էին 1988 թվականի փետրվարի 27-ին՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ։ Երեք օրվա ընթացքում սպանվել էր 53 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը հասել էր 100-ի, իսկ վիրավորների թիվը՝ մոտ 200-ի։ Այս ջարդերից հետո քաղաքի հայ բնակչությունն ստիպված էր փախչել երկրից։
Սումգայիթի ջարդերը դեռևս չեն ստացել համարժեք քաղաքական և իրավական գնահատական միջազգային հանրության կողմից։ Սումգայիթի իրադարձություններից հետո հայերի դեմ ջարդեր էին իրականացվել նաև Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում։ Արդյունքում՝ կես միլիոն հայ արտաքսվել էր երկրից։





































