Իշխանությունները, փորձելով կանխել ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբումը, շուրջ մեկ շաբաթ քարոզչական արշավ են իրականացնում` ակնարկելով, որ խոշոր ընդդիմադիր խաղացողները կարող են կրկնել Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցածը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Գյումրիում ընդդիմադիր ուժերի միավորման պատճառով «Քաղաքացիական պայմանագրին» չէր հաջողվել իշխանություն ստանձնել և քաղաքապետ ընտրել իր խմբակցությունից:
Ըստ թերթի՝ ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցությունը որպես «արատավոր և հրեշավոր» երևույթ ներկայացնելը փաստացի բացահայտում է իշխանությունների մտահոգությունը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ հնարավոր համախմբման վերաբերյալ:
Գյումրիում 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել էր ամենաշատ՝ 14 մանդատ, սակայն ընդդիմադիր մյուս չորս ուժերը (Կոմունիստական կուսակցություն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինք՝ 6, «Իմ հզոր համայնք»՝ 3, «Մայր Հայաստան» դաշինք՝ 2) միասին կարողացել էին ձևավորել մեծամասնություն: Ապրիլի 16-ին ավագանու առաջին նիստում Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ ձայնով ընտրվել էր քաղաքապետ։




































