Իշխանությունները շուտով կքննարկեն առցանց տաքսու վարորդներին պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում ընդգրկելու հարցը, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առցանց տաքսու ոլորտի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել միանալ ապահովագրական համակարգին։
«Ինձ համար շատ ուրախալի է, որ տաքսու վարորդները, տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումները, որոնք մեր այլ քաղաքացիներն ունեն, հայտ են ներկայացրել, որ ընդգրկվեն ապահովագրության շրջանակներում։ Առաջիկայում կքննարկենք այս հարցերը և կհասկանանք՝ ինչ հնարավորություններ ունենք մինչև 2027 թվականի հունվարի 1-ը նրանց ևս դիտարկել»,- ասել է նախարարը։
Ավանեսյանը նշել է, որ օրենքի համաձայն՝ քաղաքացիա-իրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում կընդգրկվեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Երևանում առցանց տաքսու վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին անցկացրել և ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ իշխանությունները լուծեն առցանց տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները։ Նրանք հայտարարել էին, որ վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և զրկված են սոցիալական նպաստներից։
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ հարթակների միջնորդավճարները 3-4%-ից բարձրացել են մինչև 25-35%։ Վարորդները պահանջում են, որ այս վճարները նվազեցվեն մինչև 10%, ներառյալ՝ հարկերը, որ աշխատող և հարկ վճարող քաղաքացիները ճանաչվեն որպես պաշտոնական աշխատակիցներ ապագա կենսաթոշակների հաշվարկման նպատակով, և որ նրանք ներառվեն պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում։




































