ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը։
Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչն «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:
Նույն բաժնի մաքսային տեսուչը, կշռման գործողություններն ավարտելուց հետո, ապահովման միջոց չի կիրառել տվյալ բեռնատարի վրա, որից հետո, ըստ գերատեսչության, բաժնի պետի տեղակալը, բաժնի պետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերցրել է մաքսային տեսուչի կողմից առանձնացված ապահովման միջոցը և առանց պատշաճ ֆիքսման տեղադրել բեռնատարի վրա՝ այն հետագայում հեշտությամբ հանելու համար, որից հետո տրանսպորտային միջոցը բաժնի պետի տեղակալի և տնտեսվարողի ուղեկցմամբ դուրս է եկել անցակետի տարածքից։
Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկություններով՝ այս ամենից հետո պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։
ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենի կողմից մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցվել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11.372.640 դրամի վնաս։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել: Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։





































