Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել երկրի հարավային ափերի մոտ, հայտնում է Press TV-ն։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» անվամբ մարտական կրակով զորավարժությունները նպատակ ունեն ստուգել ԻՀՊԿ օպերատիվ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը և վերլուծել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում «անվտանգության հնարավոր սպառնալիքների և ռազմական գործողությունների» աջակցության ծրագրերն ու սցենարները։
Զորավարժություններն անցկացվում են ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրի «անմիջական հսկողության ներքո»։
Զորավարժություններն սկսվել էին Իրանի շուրջ լարվածության աճի և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի կենտրոնացման ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Մերձավոր Արևելք երկրորդ ամերիկյան ավիակիր ուղարկելու մասին։






































