Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդում նախաձեռնողները պետք է «դարձի գան և ապաշխարեն», հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր խորհրդի անդամ և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը։
«Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյոք չե՞ն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում։ Արդյոք գիտակցո՞ւմ են, թե իրենց այսօրվա գործողություններն ինչպիսի գնահատականի են արժանանալու ապագա սերունդների կողմից»,- գրել է Իգնատյանը։
Կաթողիկոսը հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։




































