Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեռ որոշ ժամանակ կշարունակի գտնվել հիվանդանոցում, հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ կալանքի նախորդ ռեժիմում պատգամավորներին նրան այցելելու և շփվելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա։
Այսօր ավելի վաղ Վերաքննիչ դատարանը փոխել էր Միքայել սրբազանի խափանման միջոցը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Աջապահյանը վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին։ Փետրվարի 4-ին Աջապահյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել էր, որ նրա մոտ հայտնաբերվել են ներկա առողջական վիճակից տարբերվող խնդիրներ, երկրորդ վիրատահությունը պլանավորվում է իրականացնել փետրվարի 10-ին։





































