Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մոտ հայտնաբերվել են ներկա առողջական վիճակից տարբերվող խնդիրներ, երկրորդ վիրատահությունը պլանավորվում է իրականացնել փետրվարի 10-ին, լրագրողներին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ Միքայել սրբազանը հաղթահարել է հետվիրահատական բարդ շրջանը, հունվարի 19-ին վատ ինքնազգացողություն է ունեցել, նորից հետազոտվել է, հունվարի 26-ին նոր միջամտություններ են արել։
Դատարանը հետաձգել էր Միքայել սրբազանի գործով դատական նիստը, այն կշարունակվի փետրվարի 6-ին՝ ժամը 15:00-ին։ Փաստաբանը հույս է հայտնել, որ դատական նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը կվերացնի արքեպիսկոպոսի նկատմամբ խափանման միջոցը կամ կփոխարինի այն տնային կալանքով և գրավով։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժշկական կենտրոնը: Աջապահյանը վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին։




































