ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննադատել է «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ փոքր բիզնեսը հարկերից ազատելու առաջարկը՝ նշելով, որ հարկերի վճարումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական-քաղաքակրթական հարց է։ Նա այդ մասին խոսել է ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Առհասարակ, կարծում եմ, հարկ պետք է բոլորը վճարեն, որովհետև բոլորն իրենց չափով այս պետության տերն են։ Ե՛վ ուսուցիչն է հարկ վճարում, և՛ ՓՄՁ-ն պետք է վճարի, որովհետև պետությունը հարկերով է պահվում»,- նշել է նա՝ հավելելով, որ փոքր բիզնեսն արդեն իսկ գործում է նվազեցված հարկային դրույքաչափերով։
Նախարարի խոսքով՝ հարկային կարգապահությունը քաղաքացիների մոտ ձևավորում է պատասխանատվության զգացում։ Նա նշել է, որ այդ դեպքում հարկ վճարողը ստանում է բարոյական և քաղաքական իրավունք՝ պետությունից պահանջելու արդյունավետ կառավարում և հաշվետվողականություն։
«Եթե մարդը վճարում է տարեկան 50 000 դրամ հարկ, իրավունք ունի պահանջել իշխանությունից 500 միլիոնի ինչ-որ բան, իսկ եթե չի վճարում, իրավունք չունի պահանջել»,- ասել է Պապոյանը։
Մեկնաբանելով իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները՝ կապված փոքր բիզնեսի նկատմամբ ճնշումների և մշտական ստուգումների հետ՝ նախարարը նշել է, որ փոքր և միջին բիզնեսից հարկային մուտքերի բաժինը կազմում է ընդհանուր հարկերի մոտ 2,5%-ը։
Նրա գնահատմամբ՝ այդ ցուցանիշը վկայում է, որ ոլորտը «խեղդող վիճակում» չի գտնվում։ Նա նաև հիշեցրել է, որ պետությունն իրականացնում է բիզնեսի աջակցության ծրագրեր՝ արդեն իսկ վճարված միջոցների հաշվին։ Մասնավորապես, նրա խոսքով, ծրագրերից մեկի շրջանակում բիզնեսին վերադարձվել է 22,5 մլրդ դրամ։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հունվարի 20-ին ներկայացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։ Ավելի ուշ Նարեկ Կարապետյանը մանրամասնել էր 2-րդ կետի առանձնահատկությունները։



































