Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու որոշման ժամանակ պետք է հաշվի առնի միության փոփոխությունները, որը տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Նրա խոսքով՝ ինտեգրացիոն միավորման ընտրությունը միշտ մնում է հայ ժողովրդինը։ Օվերչուկն ընդգծել է, որ այսօր ԵՄ-ն ձեռք է բերում ռազմաքաղաքական միության առանձնահատկություններ, որն «ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ»:
«Պատրա՞ստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված ՌԴ նկատմամբ։ Հավանաբար, նման հարց հայերը ևս պետք է տան իրենց»,- նշել է Օվերչուկը։
Փոխվարչապետը նաև հայտարարել է, որ ԵՄ-ին Երևանի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների գործընթացը կարող է երկար տարիներ տևել: Նա նշել է նաև, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում:
«Եթե ինչ-որ ժամանակ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ»,- ասել է Օվերչուկը:
Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ կառավարությունն ուզում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ և դա դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն:






































