«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։
«Մեր երկրի վարչապետը, սոցապնախարարը, Էկոնոմիկայի նախարարը, Բնապահպանության նախարարը ծառայե՞լ են։ 7 տղամարդ նախարարից 5-ը չի ծառայել։ Ունենք ծառայող առաջնորդ և չծառայած երկրի վարչապետ։ Իմ դեպքում ժամանակին ծառայության ընդունելու համար ֆեյսբուքյան իմ էջում պատասխանել եմ այդ հարցին՝ 2018թ․-ին։ Ես այստեղ նշել եմ, որ պարտադիր զինվորական ծառայության եմ ուզում մասնակցել»,- նշել է նա։
Կարապետյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժի ռազմական-անվտանգային ծրագիրը մշակում են միջազգային ամենահայտնի մասնագետները։
«Մեր ձևով» շարժման համակարգողը հունվարի 22-ին ֆեյսվուքյան ուղիղ եթերում պարզաբանել էր, որ դեռ 8 տարի առաջ նամակ է գրել Հանրապետության գլխավոր զինկոմիսարին, որտեղ նշել է, որ սահմանադրական պարտքը կատարելու համար խնդրում է իրեն զորակոչել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Նախարարության պատասխանն, ըստ Կարապետյանի, եղել է բացասական:
«Բայց որպեսզի լրացնեմ ռազմական գիտելիքների բացը, ես եղել եմ առաջին սանը մի մեծ կառույցի, որը Հայաստանում այսօր մինչև զինվորական ծառայությունը և զինվորական ծառայությունից հետո ռազմական գիտելիքներ տալու ամենամեծ կառույցն է. հազարավոր երիտասարդներ են այնտեղ հաճախում։ Ես եղել եմ առաջինը, կարելի է ասել՝ իմ վրա է փորձարկվել այդ համակարգը, ես ուրախ եմ և շնորհակալ եմ այն հրամանատարից, ում հետ աշխատել եմ այս ուղղությամբ։ Մի օր կներկայացնեմ դա, երբ մենք ներկայացնենք մեր անվտանգային ծրագիրը», - հավելել էր նա:





































