Նախորդ տարի Ամանորի գիշերը շուրջ 32 հազար բաժանորդ հոսանք չի ունեցել, այս Ամանորին՝ 9200-ը, լրագրողներին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով Ամանորին և դրա նախորդող օրերին Էրեբունի համայնքի հոսանքազրկումը, որը տեղի էր ունեցել հրդեհի հետևանքով։
Ըստ Պետրոսյանի՝ քանի որ հիմա ՀԷՑ-ի շուրջ ուշադրությունն առավել սևեռված է, հոսանքազրկումների թեման ավելի շատ ֆետիշացվեց։
«Ես ՀԷՑ-ի կողմից մեր բաժանորդների ներողամտությունն եմ հայցում, ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար, բայց բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում են գտնվում ՀԷՑ-ի բախշիչ ենթակառուցվածքները»,- ընդգծել է նա։
Պետրոսյանի խոսքով՝ վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պայմաններում որոշ ենթակայաններում վթարային վիճակներ են արձանագրվել։ Նրա տվյալներով՝ նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ էլեկտրաէներգիայի սպառումը Հայաստանում աճել է 20-ից 22%-ով։
«Կոնկրետ «Վարդաշեն» ենթակայանի բեռը 25-30% ավելի բարձրացել էր։ Այդ ենթակայանն սպասարկում է հիմնականում Էրեբունի վարչական շրջանը և որոշ հասցեներ նաև Կենտրոն վարչական շրջանից, ու նախատեսված է որոշակի թվով բաժանորդների համար։ Վթարը, հրդեհը, ապա նաև հոսանքազրկումը պայմանավորված էին այդ հանգամանքով, ինչից ապահովագրված չեն նաև առաջադեմ եվրոպական երկրներում»,- ասել է Պետրոսյանը։
Նա նաև նշել է, որ մասնագիտական խմբերի և գործընկեր կազմակերպությունների շնորհիվ էլեկտրամատակարարումը վերականգնվել է 48-52 ժամում, մինչդեռ սովորական պայմաններում նման աշխատանքների համար կպահանջվեր 10 օրից մինչև երկու շաբաթ։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը չի բացառել, որ ՀԷՑ-ը կարող է փոխհատուցել հոսանքազրկման հետևանքով Էրեբունու բնակիչների ունեցած կուրուստները։ Լրագրողները, մասնավորապես, նշել էին սննդի, ինչպես նաև տեխնիկայի մասին, որոնք հոսանքի բացակայության հետևանքով անպիտան են դարձել։ Պետրոսյանն ընդգծել է, որ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը կարգավորում է նման դեպքերը։
«Եթե պարզվի, որ պատճառների թվում ՀԷՑ-ի առերևույթ անգործությունն է կամ ՀԷՑ-ը կարող էր կանխարգելել պատճառները, բայց չի արել, հարցն օրենքի կարգավորման առարկա կդառնա և, իհարկե, կփոխհատուցվեն բոլոր այն բնակիչներն ու բաժանորդները, ովքեր վնաս են կրել»,- վստահեցրել է Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ներքին հետաքննությունն է անցկացվում։
Էրեբունին ամբողջությամբ հոսանքազրկվել էր դեկտեմբերի 28-ին՝ «Վարդաշեն» ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով։ Շուրջ 3 օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել էր մասնակի։ Համայնքի բազմաթիվ բնակիչներ, սակայն, շուրջ 3 օր էլեկտրաէներգիա չեն ունեցել։
Ընկերությունից հայտնել էին, որ հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, վթարի մասին հաղորդում էր ներկայացվել իրավապահ մարմիններին, էլեկտրաէներգիայի մատակարարումը համայնքում ամբողջությամբ վերականգնվել էր դեկտեմբերի 31-ին։





































