Բաթումում թուրքական «Բեշիկթաշի» երկրպագուների և ոստիկանների միջև բախումների հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել, 16 մարդ՝ ձերբակալվել, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ «Բեշիկթաշ»-ի և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման ժամանակ։ Վրացական ոստիկանությունն ու թուրքական կողմը տարբեր կերպ են ներկայացրել բախումների պատճառները։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ երկրպագուների մի մասը դեռ մարզադաշտի ճանապարհին խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և դիմադրություն ցույց տվել։ Բախումները շարունակվել են մարզադաշտում, որտեղ երկրպագուները վնասել են նստատեղերը և տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է, որ ոստիկանների գործողությունները կապված են եղել պաղեստինամետ դրոշների կամ պաստառների ցուցադրման հետ՝ պնդելով, որ բախումները սկսվել են դեռ մարզադաշտ տանող ճանապարհին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Անկարան հետևում է իրավիճակին և կապի մեջ է վրացական իշխանությունների հետ՝ թուրք երկրպագուների անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու նպատակով։ Ֆիդանը մտահոգություն է հայտնել երկրպագուների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ։
Թուրքիայի «Գալաթասարայ», «Ֆեներբահչե» և «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբները դատապարտել են վրացական ոստիկանության գործողությունները։
Բախումների պատճառով նոյեմբերի 26-ին ընդհատվել էր Եվրոպա լիգայի «Բեշիկթաշ»–«Հապոել Բեեր Շևա» հանդիպումը։ Խաղն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Ստամբուլում, սակայն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) այն տեղափոխել էր Վրաստան՝ անվտանգության նկատառումներով։ Լրատվամիջոցները բախումների պատճառ էին նշել Պաղեստինի դրոշը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







