Ֆրանսիայում հրդեհներն սպառնում են երկրի հարավ-արևելքում գտնվող Շատո Միրավալ գինեգործարանին, որը դատական հայցի առարկա է հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի միջև, հայտնում է TMZ-ն։
«Ֆրանսիայում անտառային հրդեհները մոլեգնում են Բրեդի և Ջոլիի հայտնի Շատո Միրավալի մոտակայքում, և հրշեջներին մինչ այժմ հաջողվել է կանխել կրակի տարածումն աներևակայելի թանկարժեք գույքի ուղղությամբ»,- հաղորդել է պորտալը։
2022 թվականի նոյեմբերին Փիթը դատի էր տվել Ջոլիին ֆրանսիական Շատո Միրավալ գինեգործարանի շուրջ վեճի համար, որը նրանք ձեռք էին բերել դեռևս ամուսնացած ժամանակ։ Փիթը պնդում էր, որ նախկին կինն իր բաժնեմասը վաճառել է երրորդ կողմին՝ առանց իր համաձայնության։
Փիթն ու Ջոլին պաշտոնապես ամուսնացել էին 2014 թվականին, իսկ 2016 թվականին նրանք առաջին անգամ հայտարարել էին ամուսնալուծվելու որոշման մասին։ Նրանք իրենց ամուսնալուծությունը վերջնականապես հաստատել էին 2024 թվականին՝ երկարատև դատական վեճից հետո։
Եվրամիությունում 2026 թվականի սկզբից անտառային հրդեհներն ընդգրկել են շուրջ 435 000 հեկտար տարածք՝ գերազանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հարավարևմտյան շրջաններում մոլեգնող անտառային հրդեհն անվանել էր «լիովին աննախադեպ»՝ հրշեջներին զգուշացնելով, որ կրակի դեմ պայքարը դեռ երկար կտևի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



