Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, երկու երկրների միջև սահմանը փակվել է, հայտնել է Reuters-ը։
Հոկտեմբերի 12-ին երկու կողմերն էլ հայտարարել էին, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև գիշերային սահմանային բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են զոհվել, ինչը Քաբուլում թալիբների իշխանության գալուց ի վեր հարևանների միջև տեղի ունեցած ամենալուրջ մարտերն են։
Պակիստանի զինված ուժերը հայտարարել է, որ բախումների ժամանակ զոհվել է 23 պակիստանցի զինվոր։ Թալիբները հայտնել են, որ իրենց կողմից զոհվել է 9-ը զինվոր։
Լարվածությունը սրվել էր, երբ Իսլամաբադը պահանջել է, որ Թալիբանը միջոցներ ձեռնարկի Պակիստանում հարձակումներն ակտիվացրած զինյալների դեմ՝ պնդելով, որ նրանք գործում են Աֆղանստանի ապաստարաններից: 2021 թվականին իշխանության եկած Թալիբանը հերքում է, որ պակիստանցի զինյալներ կան իր տարածքում:
Կողմերից յուրաքանչյուրը հայտարարել է, որ մյուս կողմին պատճառել է շատ ավելի մեծ կորուստներ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Պակիստանը հայտարարել է, որ սպանել է ավելի քան 200 աֆղան թալիբների և դաշնակիցների զինյալների, մինչդեռ Աֆղանստանը հայտարարել է, որ սպանել է 58 պակիստանցի զինվորի։





































