Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Սիրիայի մասնատումը կամ նրա տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելը, եթե Դամասկոսի և քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) միջև համաձայնագիրը ձախողվի, հայտնում է Reuters-ը։
«Մենք օգտագործել ենք բոլոր դիվանագիտական ուղիները՝ ինչպես Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու, այնպես էլ մեր սահմաններից դուրս ահաբեկչական կառույցի ձևավորումը կանխելու համար։ Շարունակում ենք օգտագործել այդ խողովակները»,- հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ «եթե դիվանագիտական նախաձեռնությունները մնան անպատասխան, Թուրքիայի քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ են»։
«Թուրքիան թույլ չի տա դեժավյուի կրկնություն Սիրիայում»,- նրա խոսքերն է մեջբերել գործակալությունը։
Մարտին SDF-ի ղեկավարությունը Դամասկոսում համաձայնագիր էր ստորագրել Սիրիայի պաշտոնական կառավարության հետ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար շրջանի բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական ինստիտուտների մեջ ինտեգրելու վերաբերյալ։






































