ԱՄՆ-ն թարմացրել է բոլոր ոչ ներգաղթային վիզաների դիմորդների համար նախատեսված կանոնները՝ հարցազրույցի ժամանակացույց կազմելու նպատակով, հայտնել է РБК-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությանը։
«ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների (NIV) դիմորդները պետք է հարցազրույցի ժամանակացույց կազմեն իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկրի ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախկինում հնարավոր էր հարցազրույցի ժամանակացույց կազմել և NIV-ի համար դիմել ցանկացած երկրում։
Ռուսաստանի համար Աստանան և Վարշավան նշված են որպես այն վայրեր, որտեղ կարելի է ներկայացնել նման դիմում, քանի որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում կանոնավոր ներգաղթային և վիզային գործողություններ չի իրականացնում: Նույնը վերաբերում է ևս 16 երկրի, այդ թվում՝ Բելառուսին (նրա բնակիչները պետք է դիմեն Վիլնյուսում և Վարշավայում գտնվող ԱՄՆ դեսպանատներ) և Ուկրաինային (Կրակով և Վարշավա):
Միևնույն ժամանակ, այլ երկրներում մշտապես բնակվող ռուսները կարող են վիզա ստանալ այլ դիվանագիտական ներկայացուցչություններում: Սակայն, եթե դիմումի վայրը հիմնված է բնակության վայրի վրա, ապա դիմորդները պետք է կարողանան ապացուցել այդ երկրում մշտական բնակության փաստը:



































