Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ ուղղումը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է հանձնախումբը:
Նշվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, ըստ որի՝ փաստվում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառության մեջ պահելը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը:
Մեկնաբանելով պետքարտուղարության զեկույցը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հենց Թրամփի վարչակազմի մարդու իրավունքների զեկույցը որևէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգությունը և համակարգված կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձևի կիրարկումից հրաժարվելը պարգևատրում է այս հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զենքի վաճառքը և պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործությունների կազմակերպիչների դեմ՝ «Գլոբալ Մագնիցկու» օրենքով սահմանված կարգով»։
Զեկույցում նշվում է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ․ հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների և այլ անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի դրանից՝ փաստագրվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որևէ պատասխան չի տվել։
Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էր ընդամենը 15 հայ բնակիչ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։
Ադրբեջանցիները հուլիսի 15-ի դրությամբ ոչնչացրել էին օկուպացված Ստեփանակերտում գտնվող բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցվել են ականավոր անհատների պատվին և տասնամյակներ շարունակ ձևավորել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի մշակութային կերպարը, ահազանգել էր Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը: Հուշարձանների անհետացման փաստը հաստատվել էր Google Earth-ի արբանյակային պատկերների վերլուծությամբ, ինչպես նաև ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակումներով։
2023 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախում չորս գյուղ և ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր: Armenia Today-ը տեղեկություններ է հավաքել Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացված բոլոր պատմական և մշակութային նշանակության հուշարձանների մասին, որոնք դարձել են Բաքվի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհ։






































