ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Հոլիվուդում հատուկ բանագնացներ» նշանակելու մասին։ Դերասաններ Մել Գիբսոնը, Սիլվեստր Ստալոնեն և Ջոն Վոյթը կլինեն ապագա նախագահի հատուկ բանագնացները։
Թրամփի խոսքով՝ նրանց գործը կլինի «հետ վերցնել Հոլիվուդը», որը վերջին չորս տարիների ընթացքում զիջել է դիրքերը, և իրենց խնդիրն է այն դարձնել «ավելի մեծ, ավելի ուժեղ, քան երբևէ»:
Նա հավելել է, որ Գիբսոնը, Վոյթը և Ստալոնեն կլինեն իր «աչքերը և ականջները», սակայն չի հստակեցրել՝ ֆորմալ լիազորություններ կստանա՞ն, թե՞ պաշտոնը կլինի զուտ ներկայացուցչական։
Սովորաբար, ԱՄՆ նախագահները նշանակում են հատուկ բանագնացներ այլ երկրներում կամ տարածաշրջաններում, որոնք կարևոր են Միացյալ Նահանգների համար, համակարգում են Սպիտակ տան վարչակազմի փոխգործակցությունն այդ երկրների իշխանությունների հետ:
Ստալոնեն և Վոյթը հրապարակայնորեն աջակցում էին Թրամփին 2016 թվականի նրա առաջին նախընտրական արշավից ի վեր: Գիբսոնն իր աջակցությունն էր հայտնել քաղաքական գործչին 2024 թվականի նախագահական մրցապայքարի ժամանակ։
2024 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփն ստացել էր 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։