Ճապոնիայի իշխանությունները հորդառատ անձրևների և թայֆունի պատճառով երկրի 13 պրեֆեկտուրաներից տարհանել են շուրջ 2,23 մլն բնակչի, հայտնել է TBS News-ը՝ հղում անելով Ճապոնիայի հրշեջ և աղետների կառավարման գործակալությանը։
Կագոսիմա պրեֆեկտուրայում հաղորդվել է երեք տուժածի մասին, իսկ Ֆուկուոկա և Կագոսիմա պրեֆեկտուրաներում ջրածածկվել է 25 շենք։ NHK հեռուստաընկերության տվյալներով՝ Տյուգոկուի և հյուսիսային Կյուսյուի մի շարք շրջաններում հայտարարվել է սողանքների վտանգի 4-րդ մակարդակի նախազգուշացում։
Tenki եղանակային ծառայության տվյալներով՝ թայֆունը գտնվում է Ամամի կղզուց մոտ 230 կմ հարավարևմուտք և շարժվում է հյուսիս-արևելք՝ 15 կմ/ժ արագությամբ։ Քամու առավելագույն արագությունը թայֆունի կենտրոնի մոտ հասնում է 23 մ/վ-ի։ Ակնկալվում է, որ այն կանցնի Յակուսիմա կղզուց մոտ 140 կմ հարավ-արևմուտք։
Միաժամանակ, Ճապոնիայի հարավում ձևավորվել է նաև նոր թայֆուն, որը շարժվում է 30 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այն կեսգիշերին մոտ կանցնի Սիոնոմիսակի հրվանդանից շուրջ 160 կմ հեռավորությամբ։






































