Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ 2026» միջազգային մարտավարական ռազմաօդային զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ Կոնիայում անցկացվող զորավարժություններում Ադրբեջանը ներկայանում է Սու-25 գրոհային ինքնաթիռներով, ինչպես նաև ՌՕՈՒ-ի օդաչուներով և տեխնիկական անձնակազմով։ Զորավարժությունների հիմնական նպատակն է «զարգացնել մասնակից ռազմաօդային ուժերի միջև փոխադարձ համագործակցությունը, փոխանակել փորձը և ընդլայնել գործառնական հնարավորությունները»։
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ՊՆ-ին, հաղորդում են, որ զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Եգիպտոսի զինվորականներ։ Ադրբեջանը մասնակցում է երկու Սու-25 գրոհային ինքնաթիռով, իսկ Եգիպտոսը ուղարկել է հինգ F-16 կործանիչ։
Հունիսի կեսերին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ հատուկ նշանակության զորքերի զորավարժություններ էին տեղի ունեցել։





































