ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հունիսի 25-ին Pax Silica գագաթնաժողովին ստորագրել են արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, հաղորդում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Փաստաթղթում առանձնացվել է երեք հիմնական ուղղություն՝ նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում, ԱԲ ոլորտում համագործակցության ընդլայնում և մասնավոր հատվածի ներգրավում։ Խոսքը վերաբերում է ԱԲ նորարարության, ներդրումների, ձեռներեցության, վստահելի ԱԲ էկոհամակարգերի փորձարկման և ընդլայնմանն աջակցող քաղաքականություններին։
Կողմերը նաև նախատեսում են խորացնել համագործակցությունն ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի և կիսահաղորդիչների դիմակայուն մատակարարման շղթաների ուղղությամբ։
Մասնավոր հատվածի ներգրավման շրջանակում նշվել են վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացումը, հետազոտության և զարգացման գործընկերությունները, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնները, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիությունը և վստահելի ԱԲ մոդելների զարգացումը։
Pax Silica-ն ԱՄՆ-ի նախաձեռնած հարթակ է, որը կենտրոնացած է արհեստական բանականության դարաշրջանում տեխնոլոգիական և մատակարարման շղթաների անվտանգության վրա։






































