Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում։ Կառավարության նիստն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ալիքը։
Փոփոխությունները վերաբերում են բնակարանային հավաստագրերի ստացման կարգին, կանխավճարին, դրական մնացորդի օգտագործմանը և ձեռք բերված գույքի պաշտպանությանը։
Որոշման համաձայն՝ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա երեխան կհամարվի այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամ, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան։ Դատարանի որոշման բացակայության դեպքում երեխան կհամարվի մոր ընտանիքի պարտադիր անդամ, իսկ հայրը կկարողանա դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց երեխայի։
Կառավարությունը նաև սահմանել է, որ ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կկազմի հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը։ Այն կվճարի պետությունը։ Երեք ամսվա ընթացքում ցուցանիշը կարող է վերանայվել․ եթե հավաստագրերի իրացման դինամիկան ցածր լինի, կանխավճարի չափը կարող է սահմանվել 30 տոկոս։
Փոփոխություններով նախատեսվում է նաև ընդլայնել դրական մնացորդի օգտագործման հնարավորությունները։ Այժմ այն կարող է ուղղվել ոչ միայն գույքի վերանորոգմանը, այլև անհատական բնակելի տան վերակառուցմանը, տնամերձ տարածքի կառուցապատմանը, տանիքի փոխարինմանը, հարկ ավելացնելուն և այլ աշխատանքների։
Բացի այդ, ընտանիքները կկարողանան Ծրագրով սահմանված դրական մնացորդի սահմանաչափի շրջանակում ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր։ Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում նախկինում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կկարողանան միավորել այդ ընտանիքի արդեն իրացված հավաստագրի հետ։
Ծրագրում նաև ամրագրվել է, որ տրամադրվող ֆինանսական աջակցությունը, հիփոթեքային վարկը և այդ վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը չեն կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Այս կետին առաջարկվել է տալ հետադարձ ուժ, որպեսզի կարգավորումը տարածվի նաև արդեն վարկավորված շահառուների վրա։
Աջակցության դադարեցման և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելու դեպքում պետությունն ապահովելու է տվյալ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկից բխող՝ գործընկեր ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա չմարված պարտավորությունների մարումը։
Կառավարությունը նաև ընդլայնել է միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունները։ Այն կկարողանա ուսումնասիրել այն դեպքերը, երբ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում ունի բնակելի անշարժ գույք, որի բնակելի մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չի գերազանցում 12 ք/մ-ը, սակայն այդ փաստը Կադաստրի կոմիտեի տվյալներով հնարավոր չէ արձանագրել։ Հանձնաժողովը նաև կկարողանա ուսումնասիրել անշարժ գույքի կամ գնման իրավունքի օտարման հանգամանքները, եթե գույքն օտարվել է հիմնավոր պատճառով։
Եվս մեկ փոփոխություն վերաբերում է 6 տարին չլրացած երեխաներին։ Եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանվածների տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան կհամարվի շահառու՝ անկախ վերոնշյալ շտեմարանում նրա տվյալների առկայությունից։
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար միջգերատեսչական հանձնաժողովի կազմում առաջարկվել է ներառել նաև Պաշտպանության նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին։






































