Հակակոռուպցիոն դատարանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, անվտանգային հայեցակարգի պատասխանատու Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Այսօր մեկնարկած դատական նիստին Ավանեսյանի պաշտպանները միջնորդել էին փոխել Ավանեսյանի խափանման միջոցը և այն փոխարինել ավելի մեղմ խափանման միջոցով։ Պաշտպաններն առաջարկել էին նաև մինչև 10 մլն դրամ գրավ կիրառել։
Ավանեսյանը լրագրողների հետ կարճ զրույցում նշել է, որ չի ընդունում մեղադրանքն ու կարծում է, որ իրեն պետք է ազատ արձակեին։
«Արդարությունը պետք է վերականգնվի»,- դատարանում հայտարարել է Ավանեսյանը։
Նույն գործով անցնող Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ, իսկ Արթուր Իսկանդարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքն անփոփոխ մնաց։
Armenia Today-ի թղթակիցն ավելի ուշ հայտնել է, որ Ավանեսյանին ուղեկցել են քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ նա կտեղափոխվի տուն։
Ավանեսյանին ապրիլին ձերբակալել էին ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով, ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ 2 ամսով կալանք էր կիրառել, ինչից հետո՝ ապրիլի 29-ին, Կանդազը հացադուլ էր հայտարարել, ավելի ուշ դադարեցրել էր այն։
Կանդազը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույզ։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 17 անձ է ձերբակալվել․ ՔԿ




































