ԱՄՆ-ն սառեցնում է 75 երկրի վիզաների տրամադրման բոլոր գործընթացները, հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացն այդ երկրների համար՝ փորձելով կանխել այն դիմորդների թիվը, որոնք կարող են հանրային բեռ դառնալ։ Այդ երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Նիգերիան, Թաիլանդը, Եմենը և այլն։
Սահմանափակումներն ուժի մեջ մտնեն հունվարի 21-ից և կշարունակվեն անորոշ ժամկետով, մինչև գերատեսչությունը վերանայի ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը։
Դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդլայնել էր այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար ամբողջությամբ արգելված է մուտքը Միացյալ Նահանգների տարածք։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր սահմանափակումները վերաբերում են 20 երկրի և տարածքի։ ԱՄՆ մուտքի ամբողջական արգելքը տարածվում է Բուրկինա Ֆասոյի, Լաոսի, Մալիի, Նիգերի, Սիրիայի, Սիեռա Լեոնեի և Հարավային Սուդանի քաղաքացիների, ինչպես նաև Պաղեստինյան ազգային վարչակազմի կողմից տրված ճանապարհորդական փաստաթղթեր ունեցող անձանց վրա։



































