Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը սեզոնային է և պայմանավորված է տարածաշրջանային գործոններով ու վերջին հրդեհներով, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն մայրաքաղաքին, այլև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։
Ավինյանի խոսքով՝ օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։
«Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը»,- ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումն օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։ Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում, ըստ նրա, տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։
Ավինյանը խոստացել է հետագայում տեղեկացնել, թե ինչ քայլեր է իրականացնում քաղաքապետարանը խնդրի մեղմման ուղղությամբ։
Երևանում փոշու կոնցենտրացիան ինն օր է՝ գերազանցում է թույլատրելի սահմանները։ Նոյեմբերի 24-ին քաղաքապետարանի նիստում Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում օդի որակի վատթարացումը պայմանավորված է ոչ թե շինարարությամբ, այլ թունավոր հրկիզումներով, հրդեհներով և փայտով ջեռուցվող տներից արտանետումներով։




































