ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը:
Առաջին փուլը փաստաթղթերի պաշտպանությունն է, ներառյալ՝ կենսաչափական տվյալները: Քաղաքացիական կացության և քաղաքացիական գրանցման գործընթացների ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովող իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդում է նախատեսվում, այդ թվում՝ ՀՀ բոլոր քաղաքացիների գրանցում բնակչության՝ միասնական ու անվտանգ էլեկտրոնային գրանցամատյանում՝ ապահովելով տվյալների պաշտպանության ամենաբարձր չափանիշները։
Երկրորդ ոլորտը սահմանների համալիր կառավարումն է, միգրացիոն կառավարումը, ապաստանի տրամադրումը, երրորդը՝ հասարակական կարգը և անվտանգությունը, չորրորդը՝ արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքները:
Որպես առանց վիզայի ապագա ճանապարհորդությունների ուղղությամբ առաջին աստիճանական քայլ՝ ԵՄ-ՀՀ վիզաների տրամադրման դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ին։ 2014 թվականի հունվարի 1-ից ԵՄ քաղաքացիներն ազատված են Հայաստան ճանապարհորդելու համար վիզա ստանալու պահանջից։
2024 թվականի հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտադրությունը, բանակցությունները պաշտոնապես մեկնարկել էին Երևանում՝ նախորդ տարվա դեկտեմբերին։
Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։ ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ:



































