«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասուլիսին մեկնաբանել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վտանգները հայ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրողների համար:
Բեժանյանի խոսքով՝ նախ խնդիրներ են առաջանում Լարսով Ռուսաստան բեռ տեղափոխող վարորդների համար:
«Հնարավոր է՝ բեռը բավականին երկար ճանապարհ են տանում, ՌԴ տարածքը հնարավոր չէ մեկ օրում մի տեղից մյուսը տեղափոխել: Կարող է 6-7 անգամ գնալ-գալու պարագայում 90 օր ծախսվի: Լինում են դեպքեր, երբ մնում են այդ անցակետում 10-15 օր, մինչև կարողանում են դուրս գալ»,- ասել է նա:
Հունվարի 1-ից ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 ֆեդերալ օրենքի փոփոխությամբ՝ ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, նախկին՝ տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացույցային տարվա ընթացքում կարող են գտնվել 90 օր, այսինքն՝ ժամկետը կրկնակի կրճատվել է: Սա, ըստ Բեժանյանի, տարածվում է նաև ուղևորներ և և բեռներ փոխադրողների վրա:
Եթե անձն իր օրինական գտնվելու ժամկետից 90-180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով, 180-270 օր գտնվելու պարագայում՝ մուտքի արգելք 5 տարի ժամկետով, իսկ 270 օր և ավելի օր գտնվելու պարագայում՝ 10 տարի ժամկետով:
«Ստացվում է, որ կա՛մ երկար ճանապարհի պարագայում, կա՛մ եթե, օրինակ, մեքենան փչացավ և չհասցրեց դուրս գալ, կրկին գումարվում է այդ ժամկետը, և մարդիկ սպասում են իրենց կամքից անկախ, այդ 90 օրը չեն կարող չգերազանցել»,- նկատել է նա:
Ըստ փորձագետի՝ բեռնափոխադրողները չպետք է դիտարկվեն օրենսդրական այդ կետի ներքո. «Նրանք այն օտարերկրացիները չեն, որոնք գնում են ՌԴ մասնավոր այցի նպատակով, քանի որ նրանց մեկանգամյա մուտքը և գտնվելը ՌԴ տարածքում 30 օրից պակաս է տևում, նրանք հաճախ նույնիսկ միգրացիոն քարտ չեն վերցնում»:
ԵԱՏՄ շրջանակում պետք է հստակ նշվի, որ բեռնափոխադրումներ իրականացնողները չպետք է ընկնեն այդ օրենքի ազդեցության տակ, հավելել է Բեժանյանը՝ շեշտելով, որ օրենքի կետում պետք է բացառություն արվի նրանց համար, ինչպես այլ երկրներում է։
ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ ամեն տարի առնվազն 300 հազար Հայաստանի քաղաքացի մուտք է գործում Ռուսաստան՝ աշխատելու նպատակով։
2024 թվականի դեկտեմբերի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեպտեմբերի 30-ի հրամանագրով՝ Ռուսաստանում անօրինական գտնվող օտարերկրացիները պետք է կարգավորեն իրենց իրավական իրավիճակը կամ ինքնուրույն լքեն երկիրը մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը։
Կարդացեք նաև՝
Ռուսաստանում ուժի մեջ են մտել միգրացիոն նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանալ


































