Tashir Arena-ն մեկնաբանել է Eternia շոուի տոմսերի արժեքի շուրջ հրապարակումները՝ ներկայացնելով տոմսերի գնային շրջանակը։ Մշակվել է արտոնությունների և զեղչերի ճկուն համակարգ՝ նախատեսված հանդիսատեսի տարբեր խմբերի համար, ասված է հայտարարության մեջ:
Տոմսերի արժեքը, ինչպես նշել է ընկերությունը, սկսվում է 5000 դրամից։ Այդ մոտեցումը յուրաքանչյուր, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքի համար հնարավորություն է ստեղծում ընտրել հարմար տարբերակ և շոուին ներկա լինել մատչելի գնով, հավելել է Tashir Arena-ն։
«Մինչև 5 տարեկան երեխաները կարող են անվճար մուտք գործել՝ ծնողի հետ զբաղեցնելով նույն տեղը։ Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 30% զեղչ, որն ամրագրված է նաև ուսանողների և Արցախի մարտական գործողությունների վետերանների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ընկերությունը զեղչել է խմբային այցելությունները 20%-ով։ Այսպիսով՝ «արտոնյալ» տեսակի տոմսերի նվազագույն արժեքը կազմում է 3500 դրամ։
Ընկերությունը հիշեցրել է, որ նոր Arena-ի առաջին հանդիսատեսներն օգոստոսի 18-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ դարձել են անապահով ընտանիքների, բազմազավակ ընտանիքների երեխաները, արցախցի ընտանիքները, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաները: Նրանց համար կազմակերպվել էր բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաներին» խորագրով։
«Շարունակելով այս ավանդույթը՝ մինչև պաշտոնական հանդիսավոր բացումն Eternia շոուի առաջին հանդիսատեսները դարձյալ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները՝ Հայաստանի բոլոր մարզերից»,- տեղեկացրել է Tashir Arena-ն։
Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային կենտրոնը՝ Tashir Arena-ն, հոկտեմբերի 25-ին իր դռները կբացի հանդիսատեսի առջև, սեպտեմբերի 29-ին նախագծի մեկնարկին նվիրված ուղերձում տեղեկացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։
Կարդացեք նաև`





































