Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։
Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Խաղողօրհնեքը Հայ Առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ ու սիրված տոներից է, որը սովորաբար նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։
Ամեն տարի տոնի առթիվ Սուրբ պատարագ է մատուցվում, որից հետո եկեղեցում կատարվում է խաղողի օրհնության կարգ՝ որպես տարվա առաջին բերքի նվիրում Աստծուն։ Օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին:
Խաղողը համարվում է Քրիստոսի արյան խորհրդանիշ, իսկ օրհնված պտուղն առաջինը ճաշակելը՝ Աստծո հանդեպ երախտագիտության ու օրհնության նշան։ Տոնին մարդիկ խաղող են բերում եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին ու օրհնության արարողությանը, ապա օրհնված խաղողը բաժանում ընտանիքներին ու հարազատներին՝ որպես բարիք ու առողջության խորհուրդ։
Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, «քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ ինքն իրեն խաղողի որթ անվանելով»:




































