Հունաստանը ֆինանսավորել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջի շինարարությունը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին։ Կամրջի կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել էին Հայաստան և տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները»․- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում, ընթանում են վերջնական շտկման, ավարտական աշխատանքները։
2024 թվականի մայիսի հեղեղումից հետո Քարկոփի բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային ճոճվող կամրջից։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Հունիսի 28-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Լոռու մարզի ջրհեղեղից տուժած գյուղեր, բնակիչները պատմել էին, թե ինչպես են փրկվել ջրհեղեղից։