Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը իր խոսքում նշել է, որ դեսպանատան բացումն ընդգծում է Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունները։
«Մենք ունենք երկարատև պատմական կապեր, հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում»,-ասել է նա և շնորհակալություն հայտնել Բելգիային բոլոր նշված նպատակներին հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար։
Վարչապետը նաև բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական Միության հետ համագործակցության գործում։
«Մենք դա ընկալում ենք որպես շատ համարձակ աջակցություն հայկական պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և ավելի բարգավաճ, ավելի հաջողակ, ավելի ժողովրդավարական և ավելի ապագային միտված երկիր լինելու ձգտմանը»,- նշել է Փաշինյանը։
Դե Վևերն ընդգծել է, որ Բելգիայում կա հայկական մեծ համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենդանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը՝ Բելգիայի վարչապետը նշել է, որ այսօրվա իրադարձությունն ավելին է, քան զուտ Բելգիայի և Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ։
«Այն մեր ապագայի հանդեպ հանձնառության հանդիսավոր արտահայտությունն է․ հանձնառություն՝ խորացնելու մեր համագործակցությունը բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և գիտական փոխանակման ոլորտներում»,- ասել է նա։
Բելգիայի վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևոր դեր է խաղում՝ որպես կայունության գործընկեր և հանդիսանում է ժողովրդավարական արժեքների փարոս ավելի լայն տարածաշրջանում։
«Անորոշությամբ լի աշխարհում նման բարեկամությունները, գործընկերությունները կարևոր են: Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի։ Թույլ տվեք հստակորեն և համոզվածությամբ ասել, որ մենք կշարունակենք ամրապնդել մեր ազգերի միջև բարեկամությունը»,- եզրափակել է նա։
Մայիսի 3-ին 4-ին նախատեսված ԵՔՀ 8-րդ և մայիսի 5-ին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 50 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:




































