ՀՀ կառավարությունը հանրության գերակա շահ է ճանաչել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի շուրջ 81 հեկտար տարածքը։ Խոսքը Ծովակալ Իսակովի և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» տարածքով և Հրազդան գետի կիրճով պարփակված հատվածի մասին է։
Այս որոշմամբ հիմք է դրվում խոշոր քաղաքաշինական նախագծի, որը նախատեսում է տարածքում ստեղծել բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Ծրագիրը ներառում է գործարար համալիրներ («Երևան-Դաունթաուն»), դիվանագիտական թաղամասեր, մշակութային կենտրոններ, բնակելի շենքեր և հանգստի գոտիներ։ Նախատեսվում է նաև կառուցել Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը հանդիսացող ճանապարհահատվածը, որը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները։
Ծրագրի օպերատոր և գույքի ձեռքբերող են ճանաչվել «Դիթի Քոնսթրաքշն» և «Դիթի Դեվելոփմենթ» ընկերությունները։ Օտարվող գույքի դիմաց սահմանվել է փոխհատուցում՝ շուկայական արժեքի և հավելյալ 30%-ի չափով։ Կառուցապատման հաջորդականությունն ապահովելու համար սահմանվել է 1:2 հարաբերակցությունը. օպերատորը հարթավայրային հատվածում գույք օտարելու իրավունք կստանա միայն բլրային հատվածում համապատասխան մակերեսով օտարումներ իրականացնելուց հետո։
Հունվարին կառավարությունը հավանություն էր տվել Նորագյուղի և հարակից տարածքների 83,9 հեկտար հողամասի վրա 10 տարում բնակելի «Դաունթաուն» թաղամաս կառուցելու նախագծին։ Armenia Today-ին բնակիչների մի մասը հայտնել էր, որ դեմ են թաղամասի քանդմանը՝ պահանջելով փոխհատուցում, մի մասն էլ կողմ էր «Դաունթաունի» կառուցմանը։
Դիտեք նաև Armenia Today-ի ռեպորտաժը՝





































