Երևանի Կենտրոն թաղամասի Գոհար Գասպարյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ պնդելով, որ ճանապարհը չի վերանորոգվել ավելի քան վեց տարի։ Բնակիչները նշել են, որ բազմաթիվ դիմումներից հետո Երևանի քաղաքապետարանը փողոցում որևէ վերանորոգում չի իրականացրել։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ մոտ երեք տարի առաջ իրենց միջոցներով մասնակիորեն ասֆալտապատել են ճանապարհը։ Յուրաքանչյուր բնակարան նվիրաբերել է մոտ 30 000 դրամ, ընդհանուր առմամբ՝ հավաքագրվել է մոտ 3-4 մլն դրամ։
Սակայն, հարևանությամբ ընթացող շինաարարության ծանր տեխնիկայի անընդհատ տեղաշարժի և համապատասխան ինժեներական լուծումների բացակայության պատճառով, ճանապարհը կրկին դարձել է անմխիթար՝ մինչև 25 սմ խորությամբ փոսերով։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ փողոցում առաջացել են բազմաթիվ խորը փոսեր, որոնք դժվարացնում են տրանսպորտային միջոցների երթևեկությունը և ստիպում են հետիոտներին քայլել ցեխի և փոշու միջով։ Բնակիչները նաև հայտնել են, որ բազմիցս ստորագրահավաքներ են ներկայացրել քաղաքապետարան, սակայն իրենց ասել են, որ փողոցների նորոգումը նախատեսված չէ քաղաքային բյուջեով։

Բնակիչները հատկապես վրդովված են գույքահարկի կտրուկ աճից։ Բնակիչներից մեկը հայտնել է, որ իր գույքահարկը 80 000-ից բարձրացել է մինչև 160 000 դրամ: Մեկ այլ բնակիչ նշել է, որ տարեկան մոտ 200 000 դրամ է վճարում 140 քառակուսի մետր բնակարանի համար, սակայն ստիպված է պարբերաբար վերանորոգել ավտոմեքենան փոսոտ ճանապարհների պատճառով և ինքնուրույն հեռացնել շենքի մոտ կուտակված աղբը:

Ավելին, տեղի բնակիչները հայտնում են, որ մոտ 800 մետր երկարությամբ փողոցում լուսավորություն չկա: Նրանք պնդում են, որ իրենց շենքերի մոտ փողոցային լուսավորություն են տեղադրել իրենց սեփական միջոցներով:

«Բոլորի նման հարկ ենք վճարում, ավելի թանկ ենք վճարում։ Հանգիստ կարող են վերանորոգել։ Կամ եթե չեն կարողանում, գույքահարկը չվճարենք, մենք մեր ուժերով ավելի իդեալական կսարքենք»,- հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Կարդացեք նաև՝






































