TikTok սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «սոցիալական հիմնադրամից» ստանալ 300 հազար դրամ նպաստ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով, որը խաբեություն է, հայտնում է ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ իրականում՝ տվյալ եղանակով հանցագործները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ քարտի համար, PIN կոդ, CVV, մեկանգամյա հաստատման կոդեր և այլ տեղեկություններ, ինչը հետագայում կարող է հանգեցնել դրամական միջոցների կորուստի։
Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չանցնել կասկածելի հղումներով և չլրացնել «դիմումներով» պահանջվող որևէ տվյալ։
Միաժամանակ՝ հիշեցվում է, որ ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային կամ անձնական տվյալներ, ինչպես նաև օգտագործում են բացառապես հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am)։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
2025 թվականի նոյեմբերի 10-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։



































