Իրանի դեսպանատան դիմաց ձերբակալվել է ոչ արտոնված հավաքի մասնակից 7 անձ, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- մանրամասնել է նա։
Սարգսյանը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է, և որ ՆԳՆ-ն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը։
Հունվարի 14-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրել էր հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանը եղբայրական պետություն է, բայց 2018-ից հետո Հայաստանում ոչ մի հանրահավաք չի արգելվել։





































