Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի ունեցածը ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա, հայտարարել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը:
Խորհուրդն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից պահանջել է կիրառել «տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ մինչև կարգալույծ հռչակելը»։
Երեկ 10 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հավաք էին հրավիրել Սուրբ Էջմիածնում, այնտեղ ներկայացրել նամակ կաթողիկոսի հրաժարականի պահանջով:
«Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է ու մերկացնող»,- ընդգծել է եկեղեցու պահպանության խորհուրդը՝ կատարվածը որակելով «հոգևոր դավաճանություն»։
Ըստ խորհրդի՝ սա պառակտման գիտակցված սերմացանություն է, որն իրականացվում է ազգային միասնության հաշվին։
«Խիստ դատապարտելի է, որ այս եկեղեցաքանդ արշավը սնվում է ուղիղ պետական մակարդակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չուղղորդված», բայց հրապարակային աջակցությունն ապստամբ եպիսկոպոսներին ոչ այլ ինչ է, քան ցինիկ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին, հատկապես՝ պետական ռեսուրսներն այս սատանայական գործին ծառայեցնելով և ոտնակոխելով մեր Սահմանադրության կողմից եկեղեցու ինքննուրույնությունն ու անկախությունը երաշխավորող բոլոր դրույթները»,- նշել է խորհուրդը։
Հայտարարության մեջ ասված է նաև, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում ոստիկանական պատնեշների և «վեհափառ» վանկարկող հավատավորների ներկայությունը փաստել է, որ ժողովուրդը թույլ չի տվել սրբապղծություն։
Մայր Աթոռում հավաքվել էին նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ, ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նախաձեռնությունների անդամներ՝ իրենց աջակցությունը հայտնելով: Իր ելույթում կաթողիկոսը սրբազաններին կոչ էր արել վերադառնալ կանոնական դաշտ:
Եկեղեցու պահպանության խորհուրդը գործող իշխանություններին հորդորել է դադարել կրակի հետ խաղալ:




































