Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ժամերգության ընթացքում իր ելույթում նշեց, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորեց սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ:
«Այսօր տագնապալի օրեր ենք ապրում, և այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողականության, միասնության հոգին զորացնելու, հակառակը՝ շարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ: Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով»,- հայտարարեց կաթողիկոսը:
Ըստ նրա՝ այն աղմուկը, որ բարձրացվում է, երբեք չի կարող խաթարել իրենց առաքելությունը, ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության, մեր եկեղեցու պայծառության համար:
Մայր Աթոռում այսօր հավաքվել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները, քաղաքացիներ, ինչպես նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ:





































