Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացված Էդիտա Գզոյանը մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ թեպետ տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ Գզոյանն զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը, սակայն նա չի զբաղեցնի ղեկավար պաշտոն։
Թերթը թանգարանի աշխատակազմից տեղեկացել է, որ Գզոյանն արձակուրդ է մեկնել, մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն մտահոգություն կա, որ իշխանության այդ քայլը հենց ինստիտուտի դեմ է ուղղված։
Գզոյանի հրաժարականից (փետրվարի 20) հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ անձամբ է պահանջել նրա հրաժարականը, երբ տեղեկացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ «Ծիծեռնակաբերդ» այցի ժամանակ տնօրենը նրան Արցախի հարցի մասին գրքեր էր նվիրել։





































