Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերություն է հաստատվել, հայտնել է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։
Գործընկերությունը հաստատվել է Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Գերատեսչությունն այն որակել է որպես «մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար»։
Ըստ հաղորդագրության՝ «Թալես» - «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը։
«ԲուՏեխ»-ը, ըստ ընկերության կայքի, հիմնադրվել է Հայաստանում 2020 թվականին և մշակում է ինտեգրված հրամանատարական, հետախուզական, կապի և տեղեկատվական համակարգեր (C2 և C4ISR) ՀՀ զինված ուժերի համար: Մասնավորապես, ընկերությունը լուծումներ է առաջարկում հրետանային և հրթիռային կառավարման համակարգերի, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և հետախուզության համար:






































