Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին, տեղի են ունեցել ակցիաներ՝ եվրոպացի առաջնորդներին ուղղված կոչերով՝ աջակցել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, պաշտպանել Արցախի հայկական ժառանգությունը և տեր կանգնել բռնի տեղահանված արցախցիների իրավունքներին։ Ակցիաները մեկնարկել են առավոտյան ժամը 9։00-ին և ավարտվել երեկոյան 17։00-ին, որոնց ընթացքն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Ակցիաներին մասնակցել են Արցախից բռնի տեղահանվածներ, ռազմագերիների, անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ պատրաստել են հայտարարության տեքստ, որը մտադիր են փոխանցել միջազգային կառույցներին։
Մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Եվրոպան հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների. ապացուցե՛ք դա, ազատե՛ք հայ գերիներին», «Հայաստանի կառավարություն, ձեր լռությունը հանցակցություն է։ Պաշտպանե՛ք ձեր քաղաքացիներին», «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Մեր ընտանիքները մոռացված չեն»։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով ևս մասնակցում էր ակցիային, հայտարարել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով կոնկրետ արդյունքների հասնելու անհրաժեշտության մասին։
«Եթե այս գագաթնաժողովից կոնկրետ արդյունքներ չարձանագրվեն, ապա այն պարզապես կդառնա անիմաստ անցկացված միջոցառում։ Այն խնդիրները, որոնք իրականում գոյություն ունեն, գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր, սակայն դա այդպես չէ»,- նշել է նա։
Թաթոյանն ընդգծել է հայ գերիների ազատ արձակման հարցում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային օրակարգ մտցնելու ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը։

ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն իր ելույթում եվրոպացի առաջնորդներին կոչ է արել գործով ապացուցել հավատարմությունը եվրոպական արժեքներին։ Նա հայտարարել է եվրոպական կառույցների կողմից արժեքների կորստի մասին և խստորեն քննադատել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
«Ամո՛թ ձեզ, որ կորցնում եք ձեր բոլոր արժեքները։ Ֆոն դեր Լայեն, դուք չե՛ք ներկայացնում եվրոպական ժողովրդին։ Դուք ներկայացնում եք ինչ-որ «մութ» գլոբալիստական կենտրոններ, որտեղից էլ ձեզ վճարում են ձեր արտաբերած ստի համար։ Դուք մինչ օրս չեք կարողանում ճանաչել արդարությունը, վախենում եք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այն տարածքները, որոնք երբեք չեն հանդիսացել Ադրբեջանի տարածք»,- ասել է Ալավերդյանը։
Նա նաև հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի ձեռքերն արյունոտ են, երբ նա սեղմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքը և պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունների հետ բազմամիլիարդանոց գործարք ստորագրել։

«Ինչպե՞ս եք հանգիստ քնում, երբ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո վազեցիք Ադրբեջան և նրա հետ երկու միլիարդանոց պայմանագիր կնքեցիք։ Ամո՛թ ձեզ։ Ձեր անունը պատմության մեջ կմնա որպես «արյունոտ Ուրսուլա»»,- հայտարարել է Ալավերդյանը։
Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, դիմելով եվրոպական հանրության ներկայացուցիչներին, ընդգծել է, որ Արցախից փախստականները ցանկանում են վերադառնալ հայրենիք։
«Դուք անտեսում եք մեր իրավունքներն ու տառապանքները։ Մենք այստեղ ենք՝ ձեզ դրդելու և պահանջելու, որ ապահովեք մեր հայրենիք վերադառնալու միջազգային մեխանիզմ։ Առանց վերադարձի, մեր իրավունքների վերականգնման, մեր գերիների ազատ արձակման, մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանության հնարավոր չէ հասնել արդարության և կայուն խաղաղության տարածաշրջանում»,- նշել է նա՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել հակամարտության արդար, կայուն, ներառական և համապարփակ լուծումը։

Բեգլարյանն ընդգծել է, որ երկարատև խաղաղության համար արցախցիները պետք է վերադառնան, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում խաղաղություն չի լինի, և Ալիևի վարչակարգն Ադրբեջանում կշարունակի նոր հանցագործություններ իրականացնել հայ ժողովրդի դեմ։ Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները պետք է ստանան արժանապատիվ, անվտանգ, կամավոր, անհապաղ և անխոչընդոտ վերադարձի հնարավորություն։

«2,5 տարվա ընթացքում արցախցիները հայտնում են երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու ձգտման մասին, բայց ոչ ոք չի տրամադրում այդ պայմանները, ոչ ոք չի կատարում Միջազգային դատարանի որոշումը, ոչ ոք չի ստեղծում երկխոսության միջազգային մեխանիզմներ, բոլորն անտեսում են մեր կոչերը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ վերադարձի իրավունքը բխում է ինչպես միջազգային իրավունքից, այնպես էլ անմիջականորեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից։

Ըստ նրա՝ «քանի դեռ խոսվում է խաղաղության և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է, որ իրենց բոլոր իրավունքները խախտվում են»։
«Իսկ Հայաստանի իշխանությունները կա՛մ այդ խախտումների հեղինակներն են, կա՛մ օժանդակում են Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներին»,- հայտարարել է Բեգլարյանը։
Նա նշել է, որ բողոքողների պահանջների թվում են գերիների ազատ արձակումը, մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանությունը, ինչպես նաև վերադարձի հարցի լուծումը։
«Չեմ կարծում, թե միայն մեկ ակցիայով հաջողության կհասնենք։ Մենք պետք է լինենք հետևողական, այդ թվում՝ օգտագործելով նման առիթները։ Եթե մեզ հաջողվի կազմակերպել զանգվածային ակցիաներ, կկարողանանք արժանի ուշադրություն հրավիրել»,- եզրափակել է նա։
Ակցիայի ընթացքում բողոքի դրսևորում է տեղի ունեցել նաև Մարզահամերգային համալիրի շենքի մոտ, որի մասնակիցները դուրս են եկել ձեռնաշղթաներով՝ պահանջելով «ազատություն քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող գերիներին»։ Ի նշան բողոքի՝ մասնակիցները կիրառել են գունավոր ծուխ։

Ակցիայի մասնակիցներից մեկը քննադատել է Հայաստանի իշխանություններին «երկակի ստանդարտների» համար և մեղադրել նրանց բյուջետային միջոցները նախընտրական նպատակներով օգտագործելու մեջ։
Նրա խոսքով՝ «ընտրություններից մի քանի ամիս առաջ իշխանությունները միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և այդ միջոցների հաշվին կազմակերպում են իրենց քարոզարշավը՝ միաժամանակ համոզելով եվրոպացի պաշտոնյաներին, թե Հայաստանում խաղաղություն է տիրում»։ Նա նաև հայտարարել է, որ Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ, ընդ որում՝ «հայտնի չէ, թե երբ նրանց ազատ կարձակեն», և մեղադրել է իշխանություններին անգործության ու խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ։

Ցուցարարները ձեռքերում պահել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Ազատությո՛ւն հայ քաղբանտարկյալներին», «Եվրոպան ժողովրդավարության պահապանն է», «Կեղծավորությո՛ւն», «Երևանյան գագաթնաժողովը չպե՛տք է լեգիտիմացնի ժողովրդավարության հետընթացը», «Էթնիկ զտումներն Արցախում չպե՛տք է անտեսվեն», «Ձեր հուսալի բիզնես գործընկերը մեր կորցրած 120 000 տեղահանվածներն են․ լռությունը հավասար է հանցակցության»։ Մասնակիցները կրում էին նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների լուսանկարները։

Ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների մասնակցությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armenia Today-ի թղթակիցը, ակցիայի վայրում հայտնվել է երիտասարդների խումբ՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի դրոշներով: Նրանք սկսել են վանկարկել քաղաքական կոչեր և հայտարարություններ՝ ուղղված ՌԴ-ի դեմ։
Ակցիայի մասնակիցները պահանջել են չխառնել իրենց հումանիտար օրակարգը կողմնակի քաղաքական հայտարարությունների հետ և հորդորել են երիտասարդներին հեռանալ տարածքից: Վերջիններիս մերժումից հետո ակցիայի մասնակից կանանցից մեկը երիտասարդներին է վերադարձրել նրանց դրոշը և կրկին պահանջել հեռանալ:
Կողմերի միջև տեղի է ունեցել վեճ, ինչից հետո երիտասարդները լքել են ակցիայի տարածքը:
Գագաթնաժողովին զուգահեռ՝ Հայաստանի և Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն-նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ գրասենյակին։ Նամակն ստորագրել է 23 կազմակերպություն։ Նրանք կոչ են արել զբաղվել Արցախի հայերի իրավունքների պաշտպանությամբ, ապահովել արժանապատիվ, անվտանգ վերադարձ։
«Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ ներկայացուցիչ Ջուլիետա Առստամյանը նշել է, որ ԵՄ-ին ցանկանում են հիշեցրել օրենքի գերակայության և արդարության անհրաժեշտության մասին, որովհետև «առանց արդարության պատերազմը չի ավարտվի»։
Մայիսի 4-ին ընթացող ԵՔՀ 8-րդ և մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 50 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:




































