Այս պահի դրությամբ՝ արցախցի 5217 ընտանիքի սերտիֆիկատ է տրամադրվել բնակարան գնելու համար, 3736 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ կառավարությունը որոշել է փոխել երևանամերձ բնակավայրերում սերտիֆիկատների իրացման գինն Արցախից տեղահանվածների համար՝ նախկինում ընտանիքի մեկ անդամի համար սահմանված 3 մլն դրամը դարձնելով 4 մլն։
«Ընդունել ենք նաև Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության նոր ծրագիր, որը չկար, իմաստը փոքրիկ միկրոձեռնարկություններ ստեղծելն է՝ օգնելով մեր այդ հայրենակիցներին, անպայման պայման է բնակապահովման ծրագրից օգտված լինելը»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ արդեն կա 76 հայտ այն քաղաքացիներից, որոնք համապատասխանում են այս ծրագրին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։
Կարդացեք նաև՝



































