ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման խնդիրները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում: Քննարկվել է նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում գերիներին այցելությունների կազմակերպման հարցը։
Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։
Ադրբեջանում ներկայումս պահվում է 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներ։ Նրանց դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, դատավարությունները շարունակվում են։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծում գերիների վերադարձի վերաբերյալ կետ չկա, սակայն իշխանությունները պնդում են, որ այս հարցի ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում։
Ըստ «Հրապարակ» թերթի՝ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանական կողմին էր փոխանցել 10 ռազմագերիներից բաղկացած ցուցակ, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել:






































