«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե ռազմագերիների հարցով հայ-ադրբեջանական բանակցությունները Բաքվում ինչ կետի են հանգել: Ըստ թերթի՝ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանական կողմին է փոխանցել 10 ռազմագերիներից բաղկացած ցուցակ, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել:
Նրանք են՝ Էրիկ Ղազարյանը, Լևոն Բալայանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Վասիլի Բեգլարյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գուրգեն Ստեփանյանը, Մադաթ Բաբայանը, հավելել է ԶԼՄ-ն:
Նրանց ազատելու համար ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջելով ազատ արձակել Սիրիայի երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել էին 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ սպանություններ էին իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում և 2021 թվականին ցմահ ազատազրկման դատապարտվել Հայաստանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։
Թերթը հավելել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և վերադարձի մասին Սիմոնյանն այցի ժամանակ ոչինչ չի ասել։
ՀՀ ԱԱԾ տնօրենը Բաքվում մասնակցել էր սեպտեմբերի 19-21-ը կայացած Անվտանգության երրորդ միջազգային ֆորումին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ենթադրել էր, որ Սիմոնյանը, հնարավորության դեպքում, կայցելի Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Ադրբեջանում ներկայումս պահվում է 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներ։ Նրանց դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, դատավարությունները շարունակվում են։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծում գերիների վերադարձի վերաբերյալ կետ չկա, սակայն իշխանությունները պնդում են, որ այս հարցի ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում։




































